Միգրացիոն ծառայության պետը ՄԱԿ-ում ներկայացրեց Հայաստանում ոլորտի բարեփոխումների ընթացքը

Հրապարակված է մայ 20, 22

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ելույթ է ունեցել Նյու Յորքում ընթացող առաջին Միգրացիայի դիտարկման միջազգային ֆորումին՝ կարևորելով ֆորումի ձևաչափը՝ որպես Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի և Փախստականների մասին գլոբալ դաշնագրերի ընդունումից ի վեր միգրացիոն միտումներն ավելի լավ արտացոլելու և գլոբալ ջանքերը միավորելու հնարավորություն:

Նա նշեց, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ Հայաստանը առաջին անգամ 2020 թ-ին և երկրորդ անգամ այս տարի հաստատել է իր ազգային կամավոր զեկույցը՝ Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ դաշնագրի կատարման վերաբերյալ: «Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում երկու դաշնագրերով սահմանված նպատակների իրականացման ուղղությամբ՝ բարելավելով միգրացիայի կառավարումն ու տեղահանված անձանց պաշտպանությունը»,- ընդգծեց Արմեն Ղազարյանը:

Հայաստանի միգրացիոն ծառայության պետը ներկայացրեց, որ Ծառայության կողմից վերջին շրջանում իրականացված լայնածավալ ծրագրերից մեկն ուղղված է փախստականի ձգձգված իրավիճակում հայտնված անձանց բնարանային ապահովման խնդրին՝ բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով: «Միևնույն ժամանակ մենք բախվել ենք տեղահանության ևս մեկ ալիքի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ դրսևորված ագրեսիայի և ուժի կիրառման հետևանքով: Արցախից տեղահանվածներից նշանակալի թվով  անձինք ապահով վերադարձի հնարավորություն կարող է չունենան՝ նույնիսկ հիմա՝ հրադադարի հաստատումից հետո»,- նշեց Արմեն Ղազարյանը՝ հավելելով Կառավարության կողմից ձեռնարկված աջակցության միջոցառումների մասին և շեշտելով, որ այս առումով Հայաստանի ջանքերը միանգամայն համընկնում են երկու դաշնագրերին՝ ամրապնդելով փախստականների ինքնուրույնությունը ու ընդունող հասարակություններում սոցիալական համերաշխությունը: Նա հատուկ կարևորեց միջազգային հանրության ներգրավվածությունն ու աջակցությունն այս համատեքստում:

Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձավ նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությանը Հայաստանի վրա և ձեռնարկված միջոցառումներին, մասնավորապես միգրացիայի ոլորտում, ինչպես նաև այս համատեստքում արձանագրված վերադարձի միգրացիոն հոսքին:

Այնուհետև նա ներկայացրեց միգրացիայի կառավարման ոլորտում գործընթացների թվայնացման միտումները Հայաստանում՝ անդրադառնալով օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության և այդ հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համար գործարկված միասնական էլեկտրոնային հարթակին: Ղազարյանը շեշտեց, որ այն համահունչ է դաշնագրով սահմանած նպատակներին՝ դյուրացնել անհրաժեշտ փաստաթղթերին հասանելիությունը, ապահովել կանոնավոր միգրացիայի ուղիները և կանխարգելել թրաֆիքինգը:

«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը բազմակողմանի ջանքերի և մարդու իրավունքների վրա հիմնված լուծումների ուղղությամբ՝ միգրացիայի և շարժունության ոլորտում ի հայտ եկող մարտահրավերներին դիմակայելու առումով»,- եզրափակեց իր խոսքը Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Ընդհանուր քննարկման ժամանակ անդրադարձ կատարելով ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների արձագանքին՝ Միգրացիոն ծառայության պետը նկատեց, որ միգրացիային առնչվող ֆորումը այդ եզրույթի միտումների ու զարգացումների քննարկումների հարթակ է, այլ ոչ թե քարոզչության վերարտադրության վայր՝ ամբողջությամբ մերժելով նման դրսևորումները:

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը կշարունակի աջակցել վերադարձի և վերաինտեգրման գործընթացներին Հայաստանում

Հրապարակված է մայ 17, 22

Միգրացիոն ծառայության (ՄԾ) պետի տեղակալ Իրինա Դավթյանն այսօր ընդունեց Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միգրացիոն երկխոսությունների և համագործակցության գծով տնօրեն Մարտաին Փլյումի և ՄՔՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարել Հոֆսթրային։

Կողմերն ամփոփեցին երկկողմ համագործակցության ընթացիկ փուլն ու քննարկեցին նոր ծրագրերը։ ՄԾ վերադարձի և վերաինտեգրման հարցերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրեց վերադարձի ոլորտի առաջնահերթությունները, համագործակցությունը ինչպես միջազգային, այնպես էլ հասարակական հատվածի դերակատարների հետ։

Մ․ Փլյումը, ամփոփելով Վերադարձի և վերաինտեգրմնա եվրոպական ցանցի հայաստանյան ծրագիրը, հայտնեց, որ այն ավարտվում է ընթացիկ տարվա մայիսին, և ՄՔՄՄԿ-ն այս ուղղությամբ Հայաստանում կշարունակի գործունեություն ծավալել հուլիսի 1-ից նոր՝ Վերադարձի և վերաինտեգրման կառույցի ներքո։

«Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի ծրագիրը Հայաստանում շատ ոգեշնչող էր, և մենք կշարունակենք աջակցել Հայաստանի կառավարությանն այս ուղղությամբ՝ պահպանելով կարողությունների զարգացման և վերադարձող միգրանտներին վերաինտեգրման աջակցության բաղադրիչները»,-նշեց նա՝ հավելելով, որ ծրագիրը կծառայի ոլորտի կարիքներին և եղած բացերին։

ՄԾ պետը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության փոխտնօրենի հետ

Հրապարակված է մայ 17, 22

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Նյու Յորք կատարած այցի շրջանակում հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրենի` կառավարման և բարեփոխումների գծով տեղակալ Էմի Փոփի հետ։

Կողմերը կարևորել են երկկողմ կայուն համագործակցությունը։ Ա․ Ղազարյանը հատկապես բարձր է գնահատել ՄՄԿ-ի բազմաշերտ գործունեությունը, տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները, աջակցությունը Հայաստանի կառավարությանը միգրացիայի կառավարման ոլորտում բարեփոխումներին:

Միգրացիոն ծառայության պետը ներկայացրել է Հայաստանում միգրացիոն միտումների փոփոխությունները, անդրադարձել նախատեսված կառուցվածքային փոփոխություններին և  ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Առանձնահատուկ շեշտվել է թվայնացման օրակարգի կարևորությունը միգրացիայի կառավարման բարեփոխումների շրջանակներում:

Էմի Փոփն ընդգծել է Հայաստանի նշանակալի առաջընթացը միգրացիայի կառավարման գործընթացում կարողությունների զարգացման համատեքստում: Նա շեշտել է, որ Հայաստանում ձևավորված մի շարք ինստիտուցիոնալ և ընթացակարգային լուծումներ, մասնավորապես վերադարձի և աշխատանքի թույլտվությունների տրամադրման ոլորտում կարող են ուսանելի լինել նաև այլ երկրների համար, ինչի ուղղությամբ ՄՄԿ-ն համապատասխան ջանքեր կգործադրի:

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղղությունները, ինչպես նաև կայուն և երկարաժամկետ համատեղ աշխատանքների մեխանիզմները՝ ծրագրային ժամանակավոր նախաձեռնություններին զուգահեռ։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄՄԿ-ի առաջին Միգրացիայի միջազգային դիտարկման ֆորումին (IMRF)։

Մեկնարկել է EU4IMPACT ծրագրի երկրորդ փուլը

Հրապարակված է մայ 16, 22

Ուրախ ենք տեղեկացնելու, որ EU4IMPACT-ը (ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ի նպաստ Հայաստանի զարգացման) ծրագիրը կրկին մասնակցության հայտեր է ընդունում ծրագրին մասնակցության համար: Հայտերի ընդունման ժամկետն է մայիսի 10-ից մինչև հունիսի 10-ը: Ծրագրին կարող եք դիմել՝ լրացնելով հետևյալ հղումով տեղադրված հայտադիմումը https://shorturl.at/mvTY9 :

Ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում ՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը: Ծրագրին մասնակցելու միջոցով դուք կարող եք

- Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ բիզնես հիմնելու, բիզնես պլան մշակելու, ֆինանսական գրագիտության, հարկային դաշտում աշխատելու ուղղությամբ, նաև մարկետինգային արշավներ կազմակերպելու նպատակով։

- Ստանալ մինչև 10 000 Եվրո դրամաշնորհ,որը կօգտագործվի հիմնական միջոցների (գույք, արտադրամաս, տեխնիկական միջոցներ) և հումքի, ինչպես նաև բրենդավորման և/կամ փաթեթավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով:

Ծրագրին մասնակցության համար կարող են դիմել

  • այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս,
  • այն ՀՀ քաղաքացիները, որոնք Հայաստան են վերադարձել վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած արտերկրում) գտնվելուց հետո,
  • միգրատների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ 

Միգրացիոն ծառայության պետը Ազգային ժողովում ներկայացրեց ռեադմիսիային առնչվող երկու նախագծեր

Հրապարակված է մայ 03, 22

☑️Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության միջեւ ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին» արձանագրությունը և ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը, որոնց Կառավարությունը հավանություն է տվել, և Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխան:

☑️Հարակից զեկուցող Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշեց, որ հնանձնաժողովում դրական եզրակացություն է տվել երկու փաստաթղթերի վավերացման վերաբերյալ և խնդրեց կողմ քվեարկել դրանց օգտին:

Գործատուների հետ քննարկվեց workpermit.am կայքի աշխատանքը

Հրապարակված է ապր 19, 22

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության և Միգրացիայի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտրոնային հարթակի ներկայացման միջոցառումը։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ հատկանշական է, որ նորաստեղծ հարթակում մեկտեղվել են տարբեր պետական գերատեսչությունների գործառույթներ, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվել ոլորտին առնչվող այլ պետական մարմինների գործակցությունը կազմակերպել էլեկտրոնային եղանակով՝ կրճատելով թղաբանությունը և հեշտացնելով շփումը գործատուների հետ։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը կարևորեց միջազգային գործընկերների աջակցությունը կատարված բարեփոխումների գործում, մասնավորապես Միգրացիայի միջազգային կազմակերպության և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի դերը։ «Միասնական էլեկտրոնային հարթակն արդեն չորրորդ ամիսն է՝ գործարկվել է, սակայն մի շարք գործոններով պայմանավորված՝ այսօր ենք ներկայացնում համակարգի մեկնարկն ու միաժամանակ նրա եռամսյա գործունեության արդյունքները»,-ասաց նա՝ հավելելով, որ գործատուների գոհունակությունը, առաջարկներն ու նկատառումները կարևոր են Հարթակի ուղղությամբ շարունակական աշխատանքներ կատարելու տեսանկյունից և որ նմանօրինակ հանդիպումները հենց այդ նպատակին են ծառայում։

«ՄՄԿ-ի նպատակն է աջակցել աշխատանքային միգրացիայի համակարգի բարելավմանը՝ բարելավելով աշխատանքի թույլտվության տրամադրման մեխանիզմները՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։ Հուսով ենք, որ այս եղանակով մենք նպաստում ենք միգրանտների իրավունքների պաշտպանությանը և կայուն տնտեսական զարգացմանը՝ ի շահ բոլորի»,-նշեց ՄՄԿ-ի հայաստանյան առաքելության ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը։

2022 թ-ի հունվարի 1-ից գործարկված https://workpermit.am/  կայքի միջոցով Միգրացիոն ծառայությունն արդեն ստացել է մոտ 700 հայտ, գրանցվել են մոտ 250 գործատուներ, տրամադրվել է ավելի քան 260 ժամանակավոր կացության կարգավիճակ և ավելի քան 170 բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք՝ ԵԱՏՄ քաղաքացիներին։

Հարթակի միջոցով օտարերկրացի աշխատակից ներգրավելու ցանկություն ունեցող  գործատուներն ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում են թեկնածուին աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման հայտ։

  • Գործընթացն սկսում է գործատուի առցանց գրանցումով։
  • Այնուհետև լրացվում է թափուր աշխատատեղի նկարագիրը։
  • Մինչ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննում է աշխատատեղը օտարերկրացիով լրացնելու հայտը, Գործատուն լրացնում է օտարերկրացու տվյալները։
  • Գերատեսչական հաստատումներից հետո օտարերկրացին իր էլ․փոստի հասցեին ստանում է ծանուցում՝ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման վերաբերյալ։ Գործընթացի ավարտին օտարերկրացին պետք է մոտենա Միգրացիոն ծառայություն՝ ստանալու փաստաթուղթը։

Մինչև 2022 թ-ի հունվարի 1-ը այս գործընթացն իրականացվում էր 2 մասով: Գործատուն մոտենում էր ԱՍՀՆ՝ աշխատանքի թույլտվության դիմում ներկայացնելու համար: Այն ստանալուց հետո օտարերկրացին մոտենում էր Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ կացության կարգավիճակի դիմում ներկայացնելու համար: Ողջ գործընթացը տևում էր մինչև 3 ամիս: 2022 թ-ի հունվարի 1-ից նշված 2 բաղադրիչները իրականացվում են միաժամանակ, ամբողջությամբ էլեկտրոնային, դյուրացված վարչարարությամբ և կրճատված ժամկետում: Ողջ գործընթացը տևում է մինչև մեկ ամիս:

Միջոցառման երկրորդ հատվածում գործատուները ներկայացրին իրենց նկատառումներն ու առաջարկները, ՄԾ աշխատանքային միգրացիայի և մոնիթորինգի բաժնի պետ Վարդան Մաթևոսյանը պատասխանեց հնչեցված հարցերին։

Ուշադրություն գործատուներին

Հրապարակված է ապր 11, 22

Հարգելի՛ գործատուներ,

Ապրիլի 15-ին լրանում է եռամսյա ժամկետը, որի ընթացքում հնարավորություն էր ստեղծվել մինչև 2022 թ-ի հունվարի մեկը աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացիների համար ստանալ կացության կարգավիճակ (http://migration.am/news/458

 

Փոփոխություններ՝ աշխատանքի թույլտվության միասնական հարթակում

Հրապարակված է ապր 06, 22

Հարգելի՛ գործատուներ,

օտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտոնային հարթակում կատարվել են մի շարք տեխնիկական կարգաբերումներ։ ❕ Մասնավորապես, օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուն, որը Հարթակի միջոցով աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման հայտ է ներկայացնում, այսուհետ հնարավորություն կունենա աշխատանքի նկարագիրը ներկայացնելիս զուգահեռաբար լրացնել նաև օտարերկրացի թեկնածուի անձնական տվյալները։

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համապատասխան գործառույթի իրականացումից հետ հնարավոր կլինի, ըստ անհրաժեշտության, լրացնել օտարերկրացու մասնագիտական կրթության ու որակավորման վերաբերյալ տվյալները աշխատանքային պայմանագիրը կամ դրա վերաբերյալ պարտավորագիրը և դիմումին կցել պետական տուրքի վճարման կտրոնը։

 Տեխնիկական կարգաբերումները կատարվել են ինչպես հաշվի առնելով գործատուների կարծիքները, այնպես էլ այն հանգամանքը, որը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Հարթակում իր լիազորոթյունների իրականացման 15 աշխատանքային օրերի ընթացքում որոշ օտարերկրացի օգտատերերի վիզայի ժամկետը սպառվում է և առաջանում են ՀՀ-ում բնակության օրինականացման հետ կապված խնդիրներ։

Կատարված փոփոխությունների արդյունքում նմանօրինակ դեպքերը հնարավորինս կբացառվեն։

Ա․Ղազարյանը միգրացիայի կառավարման լավագույն փորձը քննարկեց միջազգային փորձագետի հետ

Հրապարակված է մար 21, 22

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության Հյուսիս-արևելյան ԵՎրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի  տարածաշրջանային իմիգրացիայի և սահմանների կառավարման ավագ փորձագետ Պիեռ Ռոսի-Լոնգիին։

Փորջագետը հետաքրքրվեց Հայաստանում պետական գերատեսչությունների միջև միգրացիոն գործառույթների բաշխմամբ, քաղաքականությունների մշակման փորձառությամբ, ինչպես նաև ծրագրված ինստիտուցիոնալ փոփոխություններով։

Ա․Ղազարյանը ներկայացրեց միգրացիայի կառավարման ոլորտում մշակված ռազմավարական փաստաթղթերը, ինչպես նաև նշեց միգրացիայի՝ ընթացիկ մշակվող հայեցակարգի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, ներկայացրեց ոլորտի բարեփոխումների վերաբերյալ իր տեսլականը։ 

Կառավարությունը հաստատեց Ադրբեջանից բռնագաղթած և մարզերի ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակապահովման ծրագիրը

Հրապարակված է մար 10, 22

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավորության որոշման նախագիծը։

Այսպիսով, Միգրացիոն ծառայությունը 1,4 մլրդ դրամի շրջանակում կիրականացնի 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված և ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանն ուղղված ծրագրի չորրորդ փուլը։ Նախնական հաշվառմամբ՝ այս փուլում ընդգրկված են հավակնորդ 254 ընտանիքներ Հայաստանի բոլոր մարզերից։ Ներկայում ընթանում է վերահաշվառման գործընթացը։

Հիշեցնենք, որ 2019 թ․ նոյեմբերի 21-ին  ՀՀ կառավարության կողմից ընդունված թիվ 1666-Ն որոշմամբ, ծրագիրն իրականացվել է Երևանում, և 2020-2021 թթ-ին բնակարանի գնման վկայագրեր են ստացել 270 ընտանիքներ, որոնցից 175-ը, 2.4  մլրդ դրամի շրջանակում, արդեն գնել են բնակարաններ։ Երևանում ծրագրի իրականացման արդյունքում փաստացի  տրամադրվել է 3.7 մլրդ դրամ ։