Եվրոպական միգրացիոն ցանցի տարեկան համաժողովին

Հայաստանի միգրացիոն ծառայության Վերադարձի և վերաինտեգրման հարցերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը Փարիզում մասնակցում է Եվրոպական միգրացիոն ցանցի տարեկան համաժողովին, որը կազմակերպում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության օտարեկրացիների հարցերով գլխավոր գրասենյակի կողմից և նվիրված է կամավոր վերադարձի և վերաինտեգրման աջակցելու հարցերին։

Համաժողովում քննարկվող թեմաների առանցքում ԵՄ և ԵՄ անդամ չհանդիսացող երկրների մոտեցումները և եվրոպական համակարգման հարցերն են։

Համաժողովը կազմակերպված է չորս թեմատիկ բաժանմամբ․

  • ԵՄ քաղաքական և ֆինանսական շրջանակը,
  • Ուղղորդված կամավոր վերադարձի և վերաինտեգրման սխեմաների ավելի լավ փոխըմբռնում և գործակցություն,
  • Կամավոր վերադարձը խթանող մարտահրավերների և նորարարական փորձառության քարտեզագրում,
  • Վերաինտեգրման ծրագրեր, դեպի կայուն վերաինտեգրում:

Այս ձևաչափով հանդիպումը միավորում է քաղաքականություն մշակողներին, գործնական աշխատակիցներին՝ մասնագետներին, հետազոտողներին, հասարակական կազմակերպություններին և միջազգային կազմակերպություններին՝ ազգային և եվրոպական մակարդակներում։ Այն փորձի կառուցողական փոխանակման հարթակ ծառայելու նպատակ ունի:

Հ․ Չոբանյանը ներկայացրել է Հայաստանի վերաինտեգրման փորձը՝ պետական ծրագիրը, որն իրականացվում է երրորդ տարին անընդմեջ, ծրագրի շրջանակում կուտակված փորձը՝ շահառուների թիվը, բաշխվածությունը՝ ըստ վերադարձի երկրների, կարիքների ընդհանուր նկարագրությունը, ինչպես նաև ծրագրի ուղղորդիչ-խորհրդատվական և բնակվարձի փոխհատուցման բաղադրիչները։ Ոլորտի պատասխանատուն նշել է նաև, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունը աջակցում է նաև Ուկրաինայից վերադարձող ՀՀ քաղաքացիներին, ովքեր համապատասխանում են ծրագրի չափորոշիչներին․ ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող անդամ կամ ընտանիքը բազմազավակ է, ունի 4 կամ ավելի երեխաներ։

Համաժողովի շրջանակում այսօր ևս հանդիպում կա նախատեսված, որը նվիրված է Եվրոպական միգրացիոն ցանցի անդամ պետությունների ներկայացուցիչների գործակցության ամրապնդմանն ու խորացմանը։

 

Ըստ թեգերի