Այսօր փախստականների համաշխարհային օրն է․2022-ի դրությամբ աշխարհում բռնի տեղահանված է ավելի քան 100 միլիոն մարդ

Աշխարհում այսօր՝ հունիսի 20-ին, նշվում է Փախստականների համաշխարհային օրը։

Ըստ ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) «Գլոբալ միտումների» տարեկան զեկույցի՝ 2021 թվականի վերջի դրությամբ պատերազմի, բռնության, հալածանքների և մարդու իրավունքների խախտումների հետևանքով տեղահանվածների թիվը կազմել է 89,3 միլիոն, ինչը 8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կրկնապատկվել է 10 տարի առաջ գրանցված ցուցանիշի համեմատ:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2021 թ-ին 23 երկրներ՝ ընդհանուր 850 միլիոն բնակչությամբ, բախվել են միջին կամ բարձր ինտենսիվության հակամարտությունների․ նշված է ՄԱԿ ՓԳՀ-ի մամուլի հաղորդագրության մեջ։

Փախստականների (փախստականի իրավական կարգավիճակ ունեցողների) թիվը 2021 թվականին աճել է՝ հասնելով 27,1 միլիոնի։ Տեղահանվածների թիվը, ի թիվս այլ երկրների, բարձրացել է Ուգանդայում, Չադում և Սուդանում: Փախստականների մեծ մասը կրկին հյուրընկալվում է հարևան՝ սակավ ռեսուրսներով երկրներում: Ապաստան հայցողների թիվը հասել է 4,6 միլիոնի՝  ավելանալով 11 տոկոսով:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ բռնության և կոնֆլիկտների հետևանքով տեղահանության ծավալները տարեցտարի աճում են, մինչդեռ  տեղահանված անձանց խնդիրների ուղղությամբ դեռ բավարար լուծումներ չկան, մասնավորապես վերադարձի, վերաբնակեցման կամ տեղում ինտեգրման հնարավորությունները։ Այնուամենայնիվ որոշ դրական միտումներ արձանագրվել են․փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի ցուցանիշը 2021 թ-ին աճել է, 71 տոկոսով էլ աճել է կամավոր հայրենադարձության ցուցանիշը՝ մնալով այնուամենայնիվ փոքր։

Փախստականության համաշխարհային միտումների վերաբերյալ ընդհանուր պատկերացում տալու նպատակով ներկայացնում ենք նաև որոշ տվյալներ և փաստեր ՄԱԿ ՓԳՀ-ի գլոբալ զեկույցից․

  • 2022 թվականի մայիսի դրությամբ ավելի քան 100 միլիոն մարդ ամբողջ աշխարհում բռնի տեղահանված է հակամարտությունների, բռնությունների, մարդու իրավունքների խախտումների կամ հասարակական կարգը լրջորեն խախտող իրադարձությունների պատճառով:
  • 2021 թվականի վերջի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 89,3 միլիոն, որը ներառում է.
    • 27,1 միլիոն փախստական, որից
      • 21,3 միլիոն փախստական՝ ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի ներքո,
      • 5,8 միլիոն պաղեստինցի փախստական՝ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) մանդատի ներքո;
  • 53,2 մլն ներքին տեղահանված անձ,
  • 4,6 մլն ապաստան հայցողներ,
  • 4,4 միլիոն տեղահանված վենեսուելացիներ։

2021 թվականին տեղահանված անձանց վերաբերյալ․

  • Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները հյուրընկալել են տեղահանվածների 83 տոկոսին,
  • Ամենաքիչ զարգացած երկրները ապաստան են տրամադրել ընդհանուր թվի 27 տոկոսին:
  • 72 տոկոսն հանգրվանել է իր ծագման երկրին հարևան երկրներում,
  • Փախստականների ամենամեծ ծավալը մեկ շնչի հաշվով ընդունել է Լիբանանը (1-ը 8-ի), որին հաջորդում են Հորդանանը (1-ը 14-ի) և Թուրքիան (1-ը 23-ի):
  • Տեղահանված փախստականների և վենեսուելացիների ավելի քան երկու երրորդը (69 տոկոս) եկել է ընդամենը հինգ երկրից՝ Սիրիա (6,8 միլիոն), Վենեսուելա (4,6 միլիոն), Աֆղանստան (2,7 միլիոն), Հարավային Սուդան (2,4 միլիոն) և Մյանմար (1,2 միլիոն):
  • 2021 թ-ին 1,4 միլիոն նոր ապաստանի հայց է ներկայացվել աշխարհում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները եղել է աշխարհում նոր անհատական ​​դիմումների ամենամեծ ստացողը (188,900), որին հաջորդում են Գերմանիան (148,200), Մեքսիկան (132,700), Կոստա Ռիկան (108,500) և Ֆրանսիան (90,200):
  • 2021 թվականին 5,7 միլիոն տեղահանված անձ վերադարձել է ծագման երկիր, այդ թվում՝ 5,3 միլիոն ներքին տեղահանվածներ և 429,300 փախստականներ։

 

ՄԱԿ ՓԳՀ-ի այս տարվա մամուլի հաղորդագրությունը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.unhcr.org/news/press/2022/6/62a9d2b04/unhcr-global-displacement-hits-record-capping-decade-long-rising-trend.html

ՄԱԿ ՓԳՀ-ի «Գլոբալ միտումների» զեկույցը տարբեր լեզուներով հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.unhcr.org/unhcr-global-trends-2021-media-page.html

Զանգվածային լրատվության միջոցների համար օգտակար կոնտակտներ կարելի է գտնել հետևյալ հղումով՝ https://www.unhcr.org/international-media-contacts.html#media-contacts
Ըստ թեգերի