ԱԺ-ում ներկայացվեց Հայաստան-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակում Լեհաստանի հետ ստորագրված կիրարկման արձանագրությունը

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «ՀՀ կառավարության եւ Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև «ՀՀ և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որին Կառավարությունը հավանություն է տվել, և Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխան:

«Արձանագրությունը սահմանում է մանրամասն կանոններ՝ երկու կողմերից իրավասու մարմինների հաղորդակցության միջոցների, սահմանային անցման կետերի, անհրաժեշտ ներկայացվող փաստաթղթերի, հետընդունման արագացված և տարանցման ընթացակարգերի վերաբերյալ, սխալմամբ կատարված հետընդունման վերաբերյալ, դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից կատարվող գործողությունների, ծախսերի և պարբերական խորհրդակցությունների վերաբերյալ»,- նշեց Ա․ Ղազարյանը՝ շեշտելով, որ արձանագրությունը հիմնականում միտված է անօրինական միգրացիայի դեմ պայքարին։

Հարակից զեկուցող Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշեց, որ հաննձնաժողովում դրական եզրակացություն է տվել փաստաթղթի վավերացմանը և խնդրեց կողմ քվեարկել դրա օգտին:

 

Հայաստանն արդեն ԵՄ անդամ 5 երկրի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Էստոնիայի ու Բուլղարիայի հետ ունի ուժի մեջ մտած կիրարկման արձանագրություններ:

 

Ըստ թեգերի