ՄԾ վերադարձի և վերաինտեգրման մասնագետները հանդիպեցին շահառուների հետ

Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման հարցերի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանի գլխավորությամբ, հանդիպեցին ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի շահառուներին:

Ծրագիրը հաստատվել է 2020 թ-ին: Այն բաղկացած է երկու բաղադրիչից՝ ուղղորդիչ խորհրդատվություն և բնակարանային վարձի փոխհատուցում: 6 ամիս տևողությամբ 60 հազար դրամի չափով բնակվարձի փոխհատուցում այս տարվանից կարող են ստանալ ոչ միայն նրանք, ովքեր Հայաստան են վերադարձել հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում կամ արտաքսվել/վտարվել են օտարերկրյա պետություններից, այլ նաև կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիները, ովքեր առնվազն 1 տարի բնակվել են արտերկրում և վերադարձից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում  դիմել ծրագրից օգտվելու համար:

Միգրացիոն ծառայություն էին հրավիրվել վերաինտեգրման աջակցության ծրագրից օգտվող քաղաքացիները: Հանդիպումը մի քանի նպատակ էր հետապնդում․ նախ և առաջ՝ պարզել ծրագրի շրջանակներում վերադարձողներին հատկացվող աջակցության արդյունավետությունը շահառուների ինտեգրման համատեքստում, այնուհետև վեր հանել և քննարկել վերադարձից հետո առաջացած տարբեր հիմնախնդիրներ՝ այդ թվում, շահառուների մոտ առաջացած հնարավոր հոգեբանական խնդիրները։ Միևնույն ժամանակ, հնարավորություն  ստեղծել շահառուներին միմյանց հետ ծանոթանալու, փորձի և նոր գաղափարների փոխանակման տեսանկյունից։ Նաև տեղեկացնել այլ ծրագրերի դիմելու հնարավորությունների մասին, ինչպիսիք են օրինակ՝  ICMPD/ՄՔՄՄԿ կողմից իրականացվող EU4IMPACT ծրագրի մասին։ 

ՄԾ վերադարձի և վերաինտեգրման հարցերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանի խոսքով՝ հավաքը կարևոր է ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ ցանցային կապեր ստեղծելու տեսանկյունից, քանի որ առիթ է միմյանց հետ ծանոթանալու, շփվելու և համանման հարցերի, դրանց լուծումների շուրջ զրուցելու համար: Հանդիպմանը մասնակցում և մասնագիտական աջակցություն էր ցուցաբերում Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի հայաստանյան ծրագրի հոգեբան Լիլիթ Մնացականյանը:

Հանդիպմանը մասնակցել են 12 շահառուներ, որոնք ընտրվել են 2021 և 2022թ․ շահառուների ցանկից և տարբեր վերադարձի երկրներից՝ (Ուկրաինա, ՌԴ, Գերմանիա), ինչպես հարկադիր, այնպես էլ կամավոր վերադարձողներ են։ Կամավոր վերադարձողները հիմնականում Ուկրաինայից են, որոնք պատերազմական իրավիճակով պայմանավորված տեղափոխվել են Հայաստան։

Հանդիպման ընթացքում շահառուները ներկայացրել են իրենց վերադարձի պատմությունները, դժվարությունները, որոնց բախվել են ընդունող երկրներում, այդ թվում՝ արտաքսման ընթացքում իրենց նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը, որը վերջիններիս կողմից բնութագրվում էր որպես նվաստացուցիչ և իրենց սպասումներին հակասող։ Շահառուները շատ հաճախ իրենց խոսքում համեմատականներ էին անցկացնում հայրենիքում և դրսում իրենց ունեցած կարգավիճակի, ապրելակերպի, բժշկա-սոցիալական ծառայությունների տրամադրման որակի և այլ զուգահեռ  իրողությունների միջև։

 

2022թ․ հունվարի 1-ից առ այսօր պետական աջակցության ծրագրի շրջանակներում բնակվարձի փոխհատուցում ստանում է 10 շահառու՝ 17 անձ։

Վերադարձողները ՌԴ-ից (6), Ուկրաինայից (8) և Գերմանիայից (3) են, որոնցից 8-ը վերադարձել է կամավոր, 9-ը՝ հարկադիր:

Նախորդ տարի նշված ժամանակահատվածում պետական աջակցության ծրագրի շրջանակներում բնակվարձի փոխհատուցում ստացել է 7 շահառու՝ 23 անձ։ Վերադարձողները եղել են հիմնականում Գերմանիայից (15),Ավստրիայից (4) և Շվեդիայից  (4), բոլորը՝ հարկադիր։

Շահառուների ընդհանուր թիվը 3 տարիների ընթացքում՝  44 (105 անձ)։

Շահառուների ընտրության հարցում առաջնահերթություն է տրվում հետևյալ խոցելի խմբերին՝ բազմազավակ ընտանիքներին (4 և ավելի երեխաներ ունեցող), տարեցներին (65 տարին լրացած), հաշմանդամություն ունեցող անձանց, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող անձանց, առանց ուղեկցության վերադարձած և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին։

 

Ըստ թեգերի