Ա․Ղազարյանը ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկեց միգրացիոն համագործակցության վերաբերյալ հարցեր

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովային և ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով պատասխանատու կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարության ղեկավար Աման Կոպեսովին։

Ա․ Օմուրբեկովան նշեց, որ հայկական կողմի հետ համագործակցությունը միշտ հարթ է եղել և օպերատիվ, ինչը երկուստեք բարձր գնահատելի է։ «Մենք տարվա սկզբից մշտադիտարկում ենք իրականացնում՝ միգրանտների շրջանում ՌԴ օրենսդրության նոր փոփոխությունների ազդեցությունը հասկանալու նպատակով, և արձանագրել ենք որոշակի ծանրաբեռնվածություն հերթերի և գործընթացների տեսանկյունից, ուստի բանակցում ենք ռուս գործընկերների հետ ԵԱՏՄ անդամ պետությունների միգրանտների համար հավելյալ դյուրացումների շուրջ»,-նշեց նա՝ ընդգծելով մարտի մեկից ուժի մեջ մտած մեղմացումները որոշ կետերով։

Ա․ Ղազարյանը գործընկերներին ներկայացրեց Հայաստանում ԵԱՏՄ քաղաքացիներին հաշվառելու հեշտացված էլեկտրոնային մեխանիզմը՝ ընդգծելով, որ նրանք ազատված են աշխատանքի թույլտվության և աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ձեռք բերելու պահանջից։ «Մենք մշտապես խստորեն հետևում ենք ԵԱՏՄ պայմանագրի կետերին և կարևորում ենք, որ մյուս գործընկերները ևս հավատարիմ մնան որդեգրված մոտեցումներին»,-ասաց նա։

Կողմերը քննարկեցին համագործակցության այլ կետեր ևս՝ համաձայնեցնելով փոխանակվել առավել ընդգրկուն վիճակագրական տվյալներով, ինչպես նաև դիտարկեցին միգրացիոն գործընթացների կամզակերպման այլ երկրների փորձառություններ։

 

 

Ըստ թեգերի