ԵՄ և ՄԱԿ գործընկերները աջակցում են միգրացիայի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումներին

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր մասնակցեց ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի և ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակների հետ համատեղ կազմակերպված «Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ ի աջակցություն կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի մեկնարկի արարողությանը: Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող բարեփոխումներն ուղղված են միգրացիայի կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացմանն ու  ապաստանի և միգրացիայի հարցերում ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության ապահովմանը: «Ներկայում ունենք միգրացիայի կառավարման ապակենտրոն համակարգ, և ֆունկցիոնալի կենտրոնացումը նպաստելու է միգրացիայի ինստիտուցիոնալ համակարգի արդյունավետության բարձրացմանը: Ծրագիրը կարևոր է նաև աշխատակազմի վերապատրաստման և գործընթացների թվայնացման համատեքստում»,-նշեց Ա. Ղազարյանը:

Ոլորտային բարեփոխումները բարձր գնահատեցին նաև արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, Մարդու իրավունքների պաշտպան ընտրված Քրիստինե Գրիգորյանը, ԵՄ հայաստանյան պատվիրակության գործառնությունների գծով ղեկավարի տեղակալ Սիլիա Կասմանը, ՄԱԿ ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը և ՄԱԿ ՓԳՀ գործառնությունների բաժնի պատասխանատու  Ալմազբեկ Բուրկուտովը:

Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի Հանրապետության ապաստանի և միգրացիոն համակարգերը՝ նպաստելով անվտանգության ոլորտում ներառական, հաշվետու և արդյունավետ ծառայությունների մատուցման ուղղությամբ կառավարության ջանքերին:

Շատ դիտվածներ