Եվրոպական փորձագիտական առաքելությունը Հայաստանում է միգրացիոն ոլորտի խորհրդատվության նպատակով

Միգրացիոն ծառայությունն այսօր հյուրընկալեց ԵՄ Թայեքս տեխնիկական աջակցության գործիքի շրջանակում փետրվարի 14-18-ը փորձագիտական առաքելությամբ Հայաստան ժամանած ներկայացուցչությանը։  Թայեքսը տեխնիկական աջակցության եւ տեղեկատվության փոխանակման գործիք է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին` ԵՄ օրենսդրության մոտարկման, կիրառման, ինչպես նաեւ ԵՄ լավագույն փորձի փոխանակման շրջանակներում:

Փորձագիտական խումբը Հայաստան է ժամանել՝ աջակցելու Միգրացիոն ծառայությանը միգրացիայի համապարփակ կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ հիմքեր ձևավորելու գործում, ինչպես նաև  միգրացիայի ոլորտում բիզնես գործընթացների թվայնացման ուղղությամբ, ինչն էլ նպաստելու է Հայաստանի միգրացիոն ինստիտուցիոնալ համակարգի արդյունավետության բարձրացմանը։

ՄԾ պետ Արմեն Ղազարյանը ողջունեց փորձագիտական խմբի ներկայացուցիչներին՝ Լատվիայի ներքին գործերի նախարարության Քաղաքացիության և միգրացիայի հարցերի գրասենյակի ղեկավար Իլզ Բրիեդեին և Միջազգային զարգացման էստոնական կենտրոնի պետական կառավարման և իրավապահ մարմինների փորձագետ Լաուրի Թաբուրին։ Նա ներկայացրեց հայաստանյան կողմի առաջնահերթությունները միգրացիոն բարեփոխումների ոլորտում և հայտնեց, որ ակնկալում է օգտակար խորհրդատվություն ինչպես ընթացիկ, այնպես էլ ծրագրված գործընթացների վերաբերյալ։ 

Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը ներկայացրեց միգրացիոն իրավիճակը Հայաստանում, ոլորտի քաղաքականությունը, առկա ինստիտուցիոնալ համակարգն ու բարեփոխումների ուղղությունները։

ՄԾ համապատասխան բաժինների պատասխանատուները ներկայացրին ապաստանի համակարգը Հայաստանում, փախստականների ինտեգրման հնարավորությունները, վերադարձի և վերաինտեգրման ծառայությունները, ինչպես նաև օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր համակարգը, որ գործարկվել է ընթացիկ տարվա հունվարի մեկից։

Առաջիկա օրերին հանդիպումներ են նախատեսված նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարություններում և Ոստիկանությունում։

Ալբոմ
Ըստ թեգերի