• 1

    Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունեն ապաստան հայցողները.

    Ապաստան հայցողները Հայաստանում ազատ տեղաշարժի, աշխատելու, կրթության, անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու, անվճար բուժօգնություն ստանալու և մի շարք այլ իրավունքներ ունեն։
    Նրանք, իրենց իրավունքներից օգտվելիս, պետք է հարգեն ՀՀ քաղաքացիների, այլ անձանց օրինական շահերը, իրավունքները և ազատությունները, պահպանեն հասարակական կարգը, ՀՀ անվտանգությունը:
    Ապաստան հայցողները պարտավոր են համագործակցել Միգրացիոն ծառայության հետ, տրամադրել հավաստի ու ճշմարիտ տեղեկություններ, վճարել բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը, ինչպես Հայաստանի քաղաքացիները: Նրանք պարտավոր են պահպանել Հայաստանի օրենսդրության պահանջները։
  • 2

    Ապաստան հայցողների անձնական տվյալների պաշտպանությունը

    Ապաստան հայցողների հայտնած տեղեկությունները գաղտնի են։ Դրանք չեն հաղորդվում իրենց երկրների իշխանություններին, ներառյալ  դեսպանատներին, կամ որևէ այլ անձի: Այդ տեղեկությունները այլ անձանց կարող են տրամադրվել միայն ապաստան հայցողի  գրավոր համաձայնության դեպքում: Հարցազրույցի գաղտնիությունը երաշխավորված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով։ 
    «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:
    Պետական մարմնի կողմից տեղեկատվության փոխանցումը զանգվածային լրատվական միջոցներին միջնորդավորված կերպով հանգեցնում է վերը նշված օրենքի խախտմանը, ուստի նման ցանկացած հայտ մերժվում է Միգրացիոն ծառայության կողմից։
  • 3

    Ինչպե՞ս է կազմակերպվում օտարալեզու ապաստան հայցողի և միգրացիոն ծառայության աշխատակիցների հաղորդակցությունը։

    Ապաստան հայցողի ցանկությամբ հարցազրույցն անցկացվում է իր նախընտրած սեռի աշխատակցի կողմից։ Եթե ապաստան հայցողը հայերեն չի խոսում, ապա հարցազրույցը կանցկացվի ՄԾ-ի կողմից հրավիրված` ապաստան հայցողի նախընտրած սեռի թարգմանչի մասնակցությամբ: Միգրացիոն ծառայության համաձայնությամբ՝ ապաստան հայցողը նաև կարող է նաև ներկայացնել թարգմանիչ իր սեփական ընտրությամբ և սեփական միջոցներով: